Մեծ Բրիտանիան աշխատում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային ծրագրից` CBS հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը։ «A ծրագիրն այն է, որ ԱՄՆ-ն մնում է համաձայնագրում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Դերոքը։ Նա հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը նաև այլ տարբերակներ է դիտարկում։ «Մենք դիտարկում ենք համաձայնագրին սատարելու տարբերակները՝ ԱՄՆ-ի դուրս գալու պարագայում, բայց հույս ունենք, որ դա տեղի չի ունենա»,-նշել է դեսպանը։ Դերոքը հայտարարել է, որ Բրիտանիան համաձայնագիրը լավն է համարում, սակայն ոչ իդեալական։
«Ոչ մի համաձայնագիր իդեալական չէ, իսկ տարածաշրջանում Իրանի գործողությունների հետ կապված նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ) անհանգստությունն անհիմն չէ»,-հայտարարել է Դերոքը։ «Նրան դուր չի գալիս, որ պայմանագիրը հրթիռների վրա չի տարածվում։ Նա դժգոհ է միջուկային գործունեության սահմանափակման ժամկետներից, նա կարծում է, ոչ տեսչական աշխատանքներ պետք է իրականացվեն ավելի կոշտ պայմաններում։ Մենք որոշ գաղափարներ ունենք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հույս ունենք ընդհանուր լեզու գտնել, որոշ գործողություններ ձեռնարկել, որոնք համընկնում են նախագահի շահերին»,-հայտարարել է դեսպանը։ Իրանի շուրջ լրացուցիչ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։